Ֆրանսիան մշտապես պետք է ասի Թուրքիային, որ եղել է Ցեղասպանություն և այն պետք է ճանաչվի. Օլանդը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին (տեսանյութ)

21:59 • 24.04.17

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկաներն Օլանդի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի հուշարձանին: «Ես այստեղ եմ` լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք այսօր քաղաքացիական մոբիլիզացիայի և հանրապետական զգոնության կոչ պետք է անենք: Հիշողության պայքարը մեր հիմնական գործողությունն է, պայքար` պատմական աղավաղումների դեմ: Մեծ մտածողներն արդեն 100 տարի է հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ: Սա Ֆրանսիայի համերաշխությունն է հայ ժողովրդին, որը հիշել եմ նաև դեպի Հայաստան իմ ճանապարհին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` ավելացնելով, որ Ֆրանսիան երբեք չի դադարի խոսել Հայոց ցեղասպանության մասին:

Օլանդն ընդգծել է. «Մենք չենք կարող թույլ տալ խեղաթյուրում: Միայն ճշմարտությունը կարող է հաշտեցնել և համախմբել: Միաժամանակ, մենք չպետք է մոռանանք ժխտողականությունը քրեականացնող ուղին: Ժխտումը կարծիք չէ, դա ճշմարտության և իրականության հերքում է»: Օլանդը հավելել է, որ Ֆրանսիան մշտապես պետք է ասի Թուրքիային, որ եղել է Ցեղասպանություն և այն պետք է ճանաչվի:

«Ամբողջ աշխարհում բախվելով մարդու իրավունքների ոտնահարումների, ապրիլի 24-ը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է գործենք: Երկրի նախագահի պաշտոնում տարիների ընթացքում ես մտահոգություն եմ ունեցել, որպեսզի Ֆրանսիան երբեք չխուսափի իր պարտականություններից: Գիտեք, որ մենք կապված ենք անբաժանելի բարեկամությամբ և այդ կապը եղբայրական է»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Ապրիլի 24-ին Կոմիտասի հուշարձանին է այցելել նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիայի հայերն ու հայուհիներն իրենց ներդրումն են ունեցել մեր պատմության կերտման մեջ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը և տեղադրել Փարիզում Կոմիտասի հուշարձանին այցելության լուսանկարը: