Պահանջատիրական թղթածրարն ուսումնասիրության ակտիվ փուլում է, հանձնաժողովը Վատիկանից, նաև եկեղեցուց ծավալուն նյութ է ստացել. Գ. Դանիելյան

23:28 • 24.04.17

ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վստահեցնում է, որ 2015 թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագիրը, ըստ որի` միջազգային իրավունքի հայ մասնագետները պահանջատիրական ամբողջական թղթածրարի պատրաստման աշխատանքներն ակտիվ փուլում է:     

«Բավական լուրջ համահայկական հանձնաժողով է ստեղծված, լավագույն մասնագետներ են ներգրավված այս փուլում,  և իրենք պետք է պատրաստեն իրավական բոլոր հարցադրումների դիրքորոշումը: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում բավական ծավալուն նյութ է հայտնվել, արխիվային նյութեր ստացել են նաև Վատիկանից, Հայ առաքելական եկեղեցին է նաև այստեղ մեծ օգնություն ցուցաբերում, նյութեր տրամադրում և կարծում եմ այս հարցերի  ուսումնասիրությունն ակտիվ է ընթանում և կարճ ժամանակ անց մենք կտեսնենք իրենց դիրքորոշումները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Գևորգ Դանիելյանը հստակեցրեց, որ եթե միջանկյալ ելույթներ և հայտարարություններ չեն պատրաստում, դա էլ ինչ-որ տեղ խելամիտ է և չի նշանակում, որ հռչակագիրը ձևական էր: «Տարբեր հարցերի շուրջ է հետազոտություն իրականցվում և չարժե  այս պահին ունենալ ավելորդ տարաձայնություններ, հերքումներ, որոնք կնսեմացնեն այս աշխատանքների արդյունքները»,-ասաց նա և շեշտեց, որ դրանով արդեն հայկական կողմը կլինի օրակարգի թելադրողը:

«Այսինքն՝ օրակարգը թելադրողի դերում չի լինի Թուրքիան, որն էլ եղել է մինչև այսօր, այլ  օրակարգ թելադրողի դերում կհայտնվի Հայաստանը: Մի փոքր ծանոթ լինելով հանձնաժողովի աշխատանքներին՝ կարող եմ ասել, որ  փորձ է  արվում և հաջողված, որպեսզի մենք օրակարգ թելադրենք»,-ասաց նա և որպես օրինակ նշեց, որ մինչև այս հայկական լոբբինգը բավական հետևողական աշխատանք էր տանում և՛ հաջողված, և՛ անհաջող, որ մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տարբեր բանաձևերով, օրենքներով, Ցեղասպանության հերքումը քրեականացնելու համար:

«Բայց  տպավորությունն այն է, երբ մի երկրի խորհրդարան ճանաչում էր ցեղասպանությունը, Թուրքիան այնպես էր աղմուկ բարձրացնում, միջազգային հանրությանը ցույց տալով, թե իր համար օրակարգային խնդիր է, բայց թույլ տվեք չհամաձայնվել դրա հետ,  քանի որ, իմ կարծիքով, դա Թուրքիայի համար ավելի ցանկալի մոտեցում էր, և որ  քաղաքականությունն այդ ուղղությամբ է գնացել, որ խորհրդարանները ճանաչում են, կամ չեն ճանաչում: Այստեղ իրենք մեզ մի դաշտ են բերում, որ մենք կունենանք քաղաքական և այն էլ ոչ նկատելի հաջողություններ, իսկ իրենք կարող են և ունենալ իրավական ակտեր, ինչպիսին էր ԵՄ դատարանի՝ Փերինչեքն  ընդդեմ Շվեյցարիայի, այնուհետև Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, և կարող են աստիճանաբար ասել, որ զգացմունքային հարթության վրա է քաղաքական կողմը տանում, լոբբինգ է անում, բայց դատական ակտերով պատկերը բոլորովին այլ է»,-ասաց նա: 

Իսկ այս թղթածրարով, ըստ նրա, սկսվում է հակառակ աշխատանքը: «Ոչ դատական ակտերով պետք է հիմնավորել, այլ հենց Թուրքիայի դատական ակտերով, 1911-20թթ-ի դատական ակտերով ցույց տալ, որ արդեն դուք հիմնավորել եք ոճրագործությունը, այլ բան, որ դուք դրա մասին ոչինչ չեք խոսում և շրջանառության մեջ դնենք 70-ից ավելի դատական ակտերը, որոնցում դուք  դատապարտել եք այդ արարքները, ընդ որում՝ որակելով հետևյալ կերպ, որ դրանք զանգվածային ոճրագործություններ են և իրագործվել են բացառապես էթնիկական  շարժառիթներով, անգամ ոչ միայն սպանությունները, այլ տեղաշարժերը,  մոտ 800 000 մարդու տեղաշարժի մասին է խոսքը»,-ասաց նա:

Արդարադատության նախկին նախարարի խոսքով՝  այսօրվա Թուրքիայի  կառավարությունը ներկայացնում է, թե պատերազմական վիճակ էր, փորձել են մարդկանց անվտանգ գոտի տեղափոխել  և այստեղ ոճրագործության մասին խոսք լինել չի կարող, առավել ևս՝ ցեղասպանության: «Բայց դատական ակտերով ճիշտ հակառակն է ապացուցվել, որ դա եղել է կազմակերպված, եղել է կուսակցական և աշխարհիկ իշխանությունների անմիջական  մասնակցությամբ և ղեկավարությամբ, և 800 000 հայ բնակչի տեղափոխումը  բացարձակապես որևէ ռազմական նպատակ չի հետապնդել, մանավանդ որ իրենք չեն տեղափոխվել այն վայրեր, որտեղ պատերազմական վտանգը շատ ավելի քիչ է եղել, այլ ընդհակառակը, իրենք տեղափոխվել են վայրեր, որտեղ վտանգը շատ ավելի մեծ է եղել և կենսապայմաններ չեն եղել, և մահվան է տարել: Այս հարցադրումները պետք է  դրվեն շրջանառության մեջ»,-ասաց նա:

Նա շարունակեց, որ Թուրքիան ծայրահեղ դեպքում հայտարարում է, որ եթե ինչ-որ իրադարձություն անգամ փաստ համարվի, ինքը դրա պատասխանատուն չէ, քանի որ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը չէ: «Բայց դրա վերաբերյալ ևս կան դատական ակտեր, արբիտրաժային, որտեղ Թուրքիան համարվել է Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը»,-ասաց նա:

Հարցին, թե իրավական բազան հավաքելուց հետո ինչ պետք է արվի, Գևորգ Դանիելյանը պատասխանեց. «Ես մանրամասները չեմ կարող ասել, բայց հաստատ համոզված եղեք, որ դա չի լինի միայն քաղաքական հարթության ճանաչման գործընթաց, հաստատ չեն լինի դատական  ակտեր, որոնք կլինեն դատապարտող: Կլինեն իրավական հետևանքների առնչությամբ իրավական պահանջներ»,-ասաց նա: