Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրողին արտաքսել են երկրից
Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրող Գաբրիել Դել Գրանդեն արտաքսվել է երկրից, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Գրանդեն ձերբակալվել էր ապրիլի 9-ին` Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում, իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին իր գրքի համար հարցազրույցներ անելու նպատակով:
Գրանդեի արտաքսման լուրը հաստատվել է Իտալիայի ԱԳՆ-ի կողմից:
Օրեր առաջ իտալացի լրագրողը հայտարարել էր, որ նրան անհայտ պատճառներով պահում են կալանքի տակ, չեն տրամադրում փաստաբան և կապի որևէ միջոց: Նա նաև հայտարարել էր հացադուլ սկսելու մասին:










