Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության անդամները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլի Շիշլի շրջանի գրասենյակում ակտիվիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս մասին հայտնում է թուրքական gazetekarinca.com կայքը:
Ժողովրդադեմոկրատներից բացի, միջոցառմանը միացել են Ստամբուլի «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական միության անդամները:
«Նոր Զարթոնք»-ի մամուլի խոսնակ Նորայր Օլգարը թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները պետք է վաղ թե ուշ առերեսվեն իրենց անցյալին, հակառակ պարագայում` այդ հողերում խաղաղություն ակնկալելն իմաստ չի ունենա:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլի Շիշլի շրջանի գրասենյակի ղեկավար Մելիս Թաթանն, իր հերթին, նշել է, որ Ցեղասպանությունը Թուրքիայում 1915-ից ի վեր երբևէ չի ավարտվել:
«Ցեղասպանությունը շարունակվում է նաև այստեղի դպրոցները, փողոցները Թալեաթ փաշայի պատվին անվանակոչելով, Ստամբուլի հայաշատ թաղամասերի պողոտաներին ազգայնական ոճրագործների անուններ տալով: Ցեղասպանությունը շարունակվել է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի, Մարիսա Քյուչուքի սպանություններով և նրանց սպանողներին կոծկելով», - ընդգծել է Թաթանը:










