Ստամբուլում մեկնարկել է Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը

14:46 • 24.04.17

Ստամբուլի կենտրոնական Սուլթան Ահմեթ հրապարակում րոպեներ առաջ մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը: 

Մոմավառությանն ու նստացույցին մասնակցում են հարյուրավոր հայեր, թուրք և քուրդ մտավորականներ, գրող-հրապարակախոսներ և մշակութային ու քաղաքական գործիչներ:

Մինչ այդ հիշատակի արարողություն է անցկացվել 2011թ.-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ` Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Նշենք, որ այսօր Ստամբուլում հիշատակի երթ կանցկացվի նաև Թաքսիմի Բեյօղլու պողոտայում, որը կմեկնարկի Թուրքիայի ժամակով ժամը 19:15-ին:

Նախատեսվում է նաև, որ հիշատակի երեկոները կշարունակվեն նաև Ստամբուլում գործող մի շարք հայկական հիմնադրամների, միությունների ու կազմակերպությունների կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, այս առավոտ Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հոգեհանգստայն կարգ: