Հայ ժողովրդի պահանջը  Թուրքիայից փոխհատուցումն է, բայց դրա համար իրավատերը իրավունքը վերցնելու կարողություն պիտի ունենա. Լևոն Շիրինյան

20:28 • 24.04.17

Հայ ժողովրդի  պահանջը  Թուրքիայից փոխհատուցումն է և հայրենիքի վերատիրացումը,  մնացածը ժամանակի հարց է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով հարցին,թե որն է հայ ժողովրդի ազգային պահանջը և արդյոք ձևավորված է այն:

Նրա խոսքով՝ եթե այդ պահանջը խոշոր տերությունների շահերի հետ այսօր չի համընկնում, միևնույն է, մի օր համընկնելու է:

«Մեր պայքարը միջազգային իրավունքի համատեքստում և բոլոր առնչություն ունեցող ոլորտներում պետք է շարունակվի: Լացուկոծն այլևս պետք չէ, ժողովրդի մեջ արժանապատվության  և վրեժխնդրության լիցք պետք է տեղավորվի»,-ասաց Շիրինյանը:

Սակայն, նրա խոսքով՝ այդ ամենն անելու համար պետք է ուժեղ պետություն ունենալ, այլապես ոչինչ չի ստացվի. «Իրավատերը իրավունքը վերցնելու կարողություն պիտի ունենա, այդ դեպքում պահանջատեր կլինի»:

Ազգային շահի տեսանկյունից, Լևոն Շիրինյանն ասաց, որ Թուրքիայի վրա պետք է ճնշում գործադրվի, որովհետև Հայաստանի անվտանգությանը հարցը մնում է օդում կախված.« Եթե այդ կոնտեքստով նայենք,  մենք պետք է  ճնշման հնարավորությունները պահենք  Թուրքիայի վրա՝ դաշնակցելով շահագրգիռ պետությունների հետ։ Երկրորդ մասով էլ Քուր-Արաքսյան պետություն պետք է ստեղծվի, դա իրատեսական է: Ժամանակը մի օր այդ հարցը կլուծի»:

«Մի բան ակնհայտ է, Միջին Արևելքի  տարածաշրջանը շատ հեղհեղուկ վիճակում է, եթե արաբական երկրները տրոհվեցին, ոչնչացան, Թուրքիան ինչո՞ւ չպետք է տրոհվի»,-ասաց Շիրինյանը:

Հարցին, թե արդյոք մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցը և դրանից հետո լոբբինգի նույն ձևաչափը  պահպանվում է,  Շիրինյանն ասաց, որ ցանկացած երևույթի նկատմամբ պիկի ժամանակ գերլարում է առաջանում: