ՀՀ-ում և Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների հարցում քաղուժերի դիրքորոշումներում մեծ տարբերություններ չկան. Ն. Փաշինյան (տեսանյութ)

19:05 • 24.04.17

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Նա նշեց, որ իրենց դաշինքը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների:

«Հարաբերությունների կարգավորման այսօրվա ամենակարևոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, քանի որ նա հարցը դիտարկում է փաթեթի մեջ: Բայց համաձայնվեք, որ երկու անկախ պետությունների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այդ հարցում մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, քանի որ ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան այդ ոլորտում իր դիրքորոշումը կփոխի:

«Մենք պետք է իրավիճակը և՛ ճիշտ գնահատենք, և՛ այնպիսի հյուսեր չփայփայենք, որոնք կոնկրետ փաստով հիմնավորված չեն»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե վերջին տարվա ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները կարո՞ղ են ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ընդհանուր առմամբ շատ մեծ տարբերություններ ներքաղաքական ուժերի դիրքորոշումների մեջ չկան՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում»։