Երբևէ չեմ մտածել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կարելի էր այլ կերպ անել, կառույցը պատասխանել է բոլոր հարցերին. Սաշուր Քալաշյան
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին Tert.am-ը զրուցել է 1967 թ. կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նախագծման համահեղինակ Սաշուր Քալաշյանի հետ:
-Պարո՛ն Քալաշյան, հուշահամալիրը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ դժվարություններ են եղել ծրագիրն իրականացնելիս:
-Բարդությունն այն էր, որ Հայոց ցեղասպանության թեման արգելված էր այն ժամանակ, և բոլորը չէ, որ գիտեին մանրամասները, առավել ևս երիտասարդ սերունդը: Հետևաբար, հուշահամալիրի հետ կապված ամեն ինչը որոշակի դիմադրության հանդիպեց Մոսկվայում: Բայց 1965 թ. հայ մտավորականության նախաձեռնությամբ և կառավարական որոշ գործիչների աջակցությամբ, մասնավորապես՝ Զարուբյանի կողմից հարցը բարձրացվեց, և թույլտվություն ստացվեց, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նշվի: Դրանից հետո սկսվեց նախագծման գործընթացը, 1965 թ. հունվարին մրցույթ հայտարարվեց, մրցույթի նախագծերը ապրիլի 24-ին հանձնվեցին ժյուրիին, իսկ 50-ամյակին նվիրված երթը եղավ հենց նույն օրը: Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանին այդ երթը չներվեց, նա ազատվեց պաշտոնից և Քոչինյանը եկավ: Քոչինյանը շարունակեց այդ գործընթացը, բայց արդեն զգուշությամբ: Կառուցապատումը երկու տարի տևեց, թեև լրիվ պատրաստ չէր հուշահամալիրը, բայց բացումը համընկեցրեցին սովետականացման տոնին և բացեցին որպես Եղեռնի զոհերի հուշակոթող:
-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախագծման մասին կպատմե՞ք մի քիչ, ինչպե՞ս առաջացավ գաղափարը:
-Մրցույթով խնդիր էր դրված, որպեսզի արվի հուշարձան, որը մի կողմից պետք է արտահայտի ողբերգությունը, մյուս կողմից էլ՝ պետք է արտահայտի մեր ազգի ապրելու կամքը: Դրա համար հուշարձանը երկու մասից նախագծվեց՝ հավերժ կրակից և հուշասյունից, որը կյանքի հարատևության իմաստն էր խորհրդանշում: Երևի դա էր պատճառը, որ ներկայացված նախագծերից սա ընտրվեց, որովհետև մնացածներն ավելի շատ ողբերգության թեմաներով էին, քան լավատեսության:
-Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վրա կա՞ ինչ-որ մի էլեմենտ, որը կուզեիք այլ կերպ լիներ: Պատահե՞լ է, երբ Դուք հուշահամալիր այցելեք և մտածեք, որ կարելի էր կառույցի մի հատվածը այլ կերպ նախագծել:
-Այդպիսի բան չի եղել, ես չեմ մտածել, որ կարելի է ինչ-որ բան փոխել: Եթե լիներ էլ, հանրության մոտ էլ այդ խոսակցությունը կգնար՝ այս մի բանը լավն է, այն մի բանը՝ վատը: Բայց դեռևս ոչ մի անգամ այլ ցանկություն կամ այլ պատկերացում որևէ մեկի կողմից՝ թե՛ այցելուների, թե՛ մասնագետների, չի եղել: Հետևաբար, կառույցը պատասխանել է բոլոր հարցերին:










