Ստրասբուրգի հայությունը մոմավառությամբ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հայ համայնքը մոմերով երթ է կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Երթի մասնակիցները հատուկ ելույթ են ունեցել Ստրասբուրգի Աստվածամոր տաճարի դիմաց` կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` նոր ողբերգությունները կանխելու համար։
Այնուհետ հարյուրավոր մասնակիցներ շարժվել են դեպի Ստրասբուրգում Հանրապետության հրապարակի մոտ գտնվող ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշակոթող և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Tert.am-ի հետ զրույցում երթի կազմակերպիչներից «Հայորդի Ստրասբուրգ» երիտասարդական միության համանախագահ Համլետ Հովսեփյանը նշեց, որ տեղի թուրքական համայնքը, որը շատ ավելի մեծաթիվ է, պարբերաբար փորձում է սադրել ու խաթարել հայ համայնքի նման նախաձեռնությունները, սակայն այս անգամ լարվածություն չի նկատվել:
Երթի ժամանակ նախաձեռնվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, իսկ երթի մասնակիցներին ուղեկցել են տեղի ոստիկանության աշխատակիցները: 














