Մենք չենք խուսափում հարկերից, ուզում ենք դրանք 100 տոկոսով վճարել սահմանին. առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում (տեսանյութ)

13:06 • 25.04.17

14:18

«Կարծում ենք՝ մեր վարչապետը կլինի բարեհամբույր և կընդունի ժողովրդի պահանջը: Քանի որ մենք այսօր միայն օգուտ ենք տալիս պետությանը, չենք ուզում վախենալ հարկային ասած բառից»,- մինչ կառավարության շենքի դիմաց հավաքված առևտրականները սպասում են իրենց պատվիրակների վերադարձին՝ նման կարծիք հայտնեց հավաքվածներից  «Առինջ մոլ»-ի առևտրական տիկին Ռուզաննան:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը բողոքի ցույց անցկացրած առևտրականներին խոստացվել էր, որ այս օրերին տոնավաճառներում ստուգումներ անող հարկային տեսուչներն իրենց չեն անհանգստացնի:

Համաձայն խոստման, ըստ առևտրականի, իրենց չեն անհանգստացրել, բայց իրենց գնորդներին անհանգստացրել են՝ ասելով՝ ուր է ձեր կտրոնը, կամ՝ որտեղից եք վերցրել:

Տիկին Ռուզաննան հավելեց, որ ոչ դրական պատասխան ու, հետևաբար, լուծում ստանալու դեպքում, պատրաստ են պայքարել այնքան, մինչև հարցը լուծվի ի շահ ժողովրդի:

Նա նորից կրկնեց, որ իրենք օգուտ են տալիս պետությանը ու հավելեց. «Մենք  ուզում ենք պահել մեր երկիրը, մեր պետությունը, մեր թոշակառուներին, ու բոլորին: Այսօր մենք ենք պահում երկիրը, մենք այսօր չենք հրաժարվում հարկային դաշտից: Մեզ պետք է թողնեն հանգիստ, որպեսզի աշխատենք վարկերով, տուրքերով, պարտքերով, ցուցակներով, գրքերով»:


_____________________________

13.06

Այսօր առավոտյան կրկին կառավարության դիմաց հավաքված «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները, որոնց այսօր կեսօրին՝ ժամը 12։45–ին, պետք է ընդուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրախոսով հնչեցրին իրենց առաջարկները:

Առևտրականները, նախքան վարչապետի հետ հանդիպման գնալը, բարձրաձայնեցին իրենց առաջարկները:

«Մենք չենք խուսափում հարկերից, թող չստացվի այնպես, որ մենք հարկերից խուսափում ենք կամ ինչ-որ մի բանից խույս ենք տալիս, չէ, ըտենց բան չկա։ Մեր առաջարկն է, որ դա արվի «Մեկ պատուհան» սկզբունքով: Այսինքն՝ մաքսային կետերում, եթե մենք ենք ապրանքը բերում, միանգամից  էդ 1.5 տոկոսը վճարենք տեղում՝ առանց խուսափելու։ Սա մեր համար ավելի հեշտ է լինելու, քան եթե գոյություն ունեն կարգոներ, որոնց մենք վստահելու ենք մեր ապրանքը: Թող նույն 1.5 տոկոսը ներառվի էդ կարգոյի արժեքի մեջ, ու մենք հանգիստ գնանք էլի աշխատենք»,-ասաց ակցիայի կազմակերպիչ Գագիկ Դանիելյանը:

Նա հստակեցրեց, որ իրենք, փաստորեն, 100 տոկոսով կվճարեն իրենց հարկերը սահմանին, կգան, խիղճները հանգիստ կաշխատեն:

Ինչ վերաբերում է առևտրի սրահներին՝ առաջարկում են խելամիտ գնով տալ հաստատագրված գումարը:

«Ես գտնում եմ, որ եթե իրենք մտածում են՝ մենք խուսափում ենք 1.5 տոկոսը վճարելուց, չարաչար սխալվում են: Մենք, կրկնում եմ, առաջարկում ենք դա վճարել գլխից»,- ասաց ակցիայի կազմակերպիչը ու նորից հավաքվածներից հարցրեց՝ դեմ չե՞ն այս տարբերակին։ Ստանալով դրական պատասխան՝ նա դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝առաջարկները լսել իրենց 3-5 հոգանոց խմբից:

Առևտրականները պնդում են, որ անպայման իրենց պետք է լսի Կարեն Կարապետյանը՝ որպես երկրի վարչապետ:
Եթե իրենց չլսեն, ապա առևտրականները խոստանում են ակցիաները շարունակել այնքան ժամանակ, մինչև լսեն իրենց հարցի դրական պատասխանը:

«Կոռուպցիան վերանում է 100 տոկոսով մեր առաջարկներով, պարո՛ն վարչապետ»,-ավելացրեց Գագիկ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ևս նշված առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում: Առևտրականների խոսքով՝ ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ դրա համար անհրաժեշտ են լինելու նոր աշխատողներ: