Հանգիստ խղճով գնացեք ձեր տները. ՊԵԿ ներկայացուցիչների հետ հանդիպած առևտրականները գոհ են
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցների 5 հոգանոց պատվիրակությունը ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպումից դուրս եկավ գոհ ու բավարարված:
«Հանգիստ խղճով ասում եմ՝ գնացեք ձեր տները»,- Հանրապետության հրապարակում ու կառավարության շենքի դիմաց մեկ ժամից ավել արևի տակ սպասող գործընկերներին բարձրախոսով իրազեկեց ակցիայի կազմակերպիչ Գագիկ Դանիելյանը: Նրան դրսում մնացածները դիմավորեցին ծափերով:
«Հատուկ խոսքս ուղղում եմ անհավատ մարդկանց, ովքեր չէին հավատում, որ մենք կհասնենք մեր նպատակին, որ մեր գործն առաջ կընկնի մեր ասած առաջարկներով, ուրեմն՝ամոթ էդ անհավատ մարդկանց: Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, ամեն ինչ սև սպիտակի վրա անցկացրեցինք, հիմա, կարևորը՝ էլ ոչ մեկին ոչ մի ձևի չեն նեղացնի:
Որոշվել է, որ ստեղծվում է հանձնախումբ՝ բաղկացած իրավաբանների, տնտեսագետների ու իրազեկ մարդկանց կողմից: Օրենքները, որ իրենք են առաջարկում ու մենք ենք առաջարկում, միացնում ենք իրար, հավաքվում ենք, էդ սաղ գրագետ կերպով գրած միացնում ենք իրար»,-ներկայացրեց Գագիկ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ առևտրականները, նախքան վարչապետի հետ հանդիպման գնալը, բարձրաձայնեցին իրենց առաջարկները, որոնցից հիմնականն այն է, որ աշխատեն «Մեկ պատուհան» սկզբունքով: Այսինքն՝ սահմանին՝ ներկրվող ապրանքի համար 1.5 տոկոսը վճարեն տեղում, ու հանգիստ գնան աշխատեն:
Գագիկ Դանիելյանը նկատեց, որ ՊԵԿ ղեկավարի տեղակալներ Միրումյանն ու Բրուտյանը, կարծես, դեմ չեն եղել իրենց այս առաջարկին, միայն առաջարկել են դրանք «սիրուն, գրագետ» ձևակերպել, ներկայացնել գրավոր:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ևս նշված առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում: Առևտրականների խոսքով՝ ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ դրա համար անհրաժեշտ են լինելու նոր աշխատողներ:
Առևտրականներին տուն ուղարկելուց առաջ ակցիայի կազմակերպիչը վստահեցրեց, որ իրենք կառավարությանը հանգիստ չեն տա, կառավարությունն՝ իրենց:
Առաջիկա երեք օրերին նորից կլինի հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ:










