ԱՄՆ-ում 2000 թվականից ի վեր առաջին անգամ մեկ օրում երկու մարդ է մահապատժի ենթարկվել

13:17 • 25.04.17

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի իշխանությունները մեկ օրում մահապատժի են ենթարկել երկու բանտարկյալի: Հայտնի է, որ վերջին անգամ ԱՄՆ-ում նույն օրը երկու դատապարտյալ է մահապատժի ենթարկվել 2000 թվականին: Ընդ որում՝ Արկանզաս նահանգում նման բան վերջին անգամ իրականացվել է 1999 թվականին:


Associated Press-ի հաղորդմամբ` դատապարտյալներ Ջեք Ջոնսն ու Մարսել Ուիլյամսը մահապատժի են ենթարկվել մահացու ներարկումների միջոցով` երեք ժամ տարբերությամբ:

Կայքը գրում է, որ Մարսել Ուիլյամսի մահապատիժը հետաձգվել է, քանի որ Ջեք Ջոնսի մահապատիժը չի իրականացվել պատշաճ կերպով: Ջոնսը նշել է, որ առողջական խնդիրների պատճառով իր մահապատիժը կարող է ցավոտ անցնել: Ուիլյամսը հեռացվել է «մահվան սենյակից», այնուհետև վերադարձվել և մահապատժի ենթարկվել, երբ Ջոնսն արդեն սպանված է եղել:

Նշվում է, որ Ջեք Ջոնսի վերջին խոսքը երկար է եղել, և դատապարտյալն այն եզրափակել է «Ներողություն» բառով: