Չի կարելի մարդկանց հանցագործ անվանել. Գագիկ Հարությունյանը ընդհատեց Լևոն Զուրաբյանին
Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես –ՀԺԿ» դաշինքի դիմումը ներկայացնելիս, դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ ԿԸՀ անդամներին և նշեց, որ նրանք այն նույն անձիք են, որոնք Սահմանադրական հանրաքվեի ժամանակ աչք են փակել օրինախախտումների վրա, ինչի արդյունքում «ոչ»-ի 500 հազար ձայն է կեղծվել և հայտարարվել է «այո»-ի հաղթանակը:
«ԿԸՀ-ի յոթ անդամները միաձայն որոշումներ են ընդունել՝ մեր միջնորդությունները մերժելով։ Եվ նույն այս մարդիկ վերանշանակվել են ԿԸՀ կազմում. սա արտառոց երևույթ է»,-ասաց նա։
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ընդհատեց Լևոն Զուրաբյանի ելույթը և նշեց, որ չի կարելի մարդկանց հանցագործ անվանել, և կա անմեղության կանխավարկածը:
«Դուք Սահմանադրական դատարանում մարդկանց հանցագործ եք համարում, չի կարելի այդպես»,-ասաց նա, իսկ ելույթ ունեցողը հայտարարեց, որ ինքը ճշմարտությունն է ասում և դրա համար կան ապացույցներ:
«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ասել ենք, թե անթույլատրելի ենք համարում զինված հարձակում, ապստամբություն և այդ տեսակետին ենք նաև այսօր: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս ընտրակարգը շարունակվի, ապա վստահ եղեք, որ ինչ-որ մեկի հորդորները չեն կարող ժողովրդին կանգնեցնել նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ»,-ասաց նա:










