Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը (տեսանյութ)

17:32 • 25.04.17

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայն ստացած «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ խոսելով լրագրողների հետ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ ընտրվելու դեպքում ջանքեր կգործադրի խնդրի ուղղությամբ, հայտնում է Nouvelle D'Arménie-ն:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց բարդ հարց է, որի ուղղությամբ ես ջանքեր կգործադրեմ, բայց որը նույնպես քայլեր է պահանջում: Հասկանալի է, որ Ֆրանսիան չի կարող միայնակ ստանձնել դրա կարգավորման հարցը»,- ասել է Մակրոնը:


Քաղաքական գործիչը նշել է, որ իր ներկայությունն այս արարողությանը նշանակում է «Ֆրանսիայի հայերին և հայկական ծագմամբ ֆրանսիացիներին իր ամբողջական նվիրվածությունը, իր ցանկությունը՝ հասնել ցեղասպանության ճանաչմանը և պահպանել Ֆրանսիայում ցեղասպանության զոհերի հիշատակն ու հայկական մշակույթը»: Ափսոսանք հայտնելով Թուրքիայի բռնած ուղու առնչությամբ՝ նա հաստատել է Հայաստանի հետ «կայուն և բարեկամական հարաբերությունները»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Փարիզում այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մակրոնին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:

Մակրոնը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը և հավելել, որ պետք է շարունակի աշխատել Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ: