Կիևում Ռուսաստանից «օրենքով գող» է ձերբակալվել
Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալվել է Ռուսաստանից «օրենքով գող» Ջոշուա Գելան (Գելա Թբիլիսցին), որը մայրաքաղաքում մի քանի հանցավոր խումբ է կազմակերպել: Այդ մասին հաղորդում է Ազգային ոստիկանության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:
«Ռուսաստանի 51-ամյա քաղաքացին թագադրվել է 1996 թվականին Մոսկվայում: Կիև է ժամանել անցած տարի և ստեղծել մի քանի հանցավոր խումբ… Պարզվել է, որ նա «տանիք» է հանդիսացել երկու ուղղություններով՝ ավտոմեքենաներից գողությունների և տրանսպորտային միջոցների յուրացման ուղղությամբ գործող հանցավոր խմբերի գործունեության համար»,- պատմել են ոստիկանությունում:
Իրավապահների տեղեկատվությամբ՝ անցյալում նա բազմիցս դատապարտվել է մի շարք հանցագործությունների համար (կողոպուտ, թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված իրավախախտումներ):
Նշվում է, որ այժմ որոշվում է Ուկրաինայից Ռուսաստան նրա արտահանձնման հարցը։










