Ժամանակ է պահանջվում, որպեսզի Թուրքիան գիտակցի, թե ինչ է կատարվել. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը՝ Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցում էր ծաղկահավաքի միջոցառմանը: Tert.am-ի հետ զրույցում դեսպանը նշեց, որ ինչպես բոլոր դիվանագիտական կառույցները, ապրիլի 24-ին Գերմանիայի դեսպանությունը ևս ներկա է եղել` հարգելու 1,5 մլն զոհերի հիշատակը: Իսկ այսօր մասնակցում են ծաղկահավաքի միջոցառմանը` որպես այցի շարունակություն:
«Միջոցառումը ապրլինի 24-ին բազմահազար մարդկանց մասնակցությամբ շատ տպավորիչ է և շատ կարևոր, իսկ այս միջոցառմանը մասնակցելն ինձ կանչում է որպես կարևոր շարունակություն ապրիլքսանչորսյան միջոցառման, որը, մասնավորապես, երիտասարդների մասնակցությամբ մի ամբողջություն է դարձել՝ այցի, ծաղիկների բերման և դրա շարունակության »,-ասաց նա:
Դեսպանը դժվարացավ պատասխանել հարցին, թե իր կարծիքով ինչն է խանգարում Թուրքիային առերեսվել իր պատմությանը, ինչպես դա արեց Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը: «Ես չեմ կարող խոսել Թուրքիայի անունից, թե ինչ է անհրաժեշտ, որ Թուրքիան ճանաչի, բայց կարծում եմ, որ ժամանակ է պահանջվում։ Նմանատիպ միջոցառումները և մարդկանց հետևողական աշխատանքը որոշ ժամանակ հետո գուցե արդյունք կտան, և նրանք կգիտակցեն, թե ինչ է կատարվել»,-ասաց դեսպանը:
Դեսպանն անդրադարձավ նաև հայ-թուրքական փակ սահմաններին, և այդ ուղղությամբ միջազգային հանրության՝ ապարդյուն ջանքերին:
«Փակ սահմանները շատ վատ բան է, մենք այդ ճանապարհով անցել ենք ավելի քան 40 տարի և շատ լավ ենք պատկերացնում, թե դա ինչ է: Ցավոք, 2009թ-ին չհաջողվեց բացել սահմանները և երկխոսություն սկսել, բայց մենք օժանդակում ենք և կարծում ենք, որ եթե ոչ պետական, ապա հասարակական սեկտորի անմիջական փոխհամագործակցությունը և փոխայցելությունները երկխոսության սկիզբն են, և կարևոր է գոնե այդ հարթության մեջ շփումը»,-ասաց նա:










