Օլանդը կոչ է արել նախարարներին անել ամեն բան, որպեսզի Լը Պենը պարտվի ընտրություններում

15:47 • 26.04.17

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել երկրի կառավարության անդամներին անել հնարավորը, որպեսզի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստանա նվազագույն ձայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հանրապետության նախագահը խնդրել է բոլոր նախարարներին լիակատար մասնակցություն ունենալ երկրորդ փուլի արշավին և անել այնպես, որ Մարին Լը Պենը ստանա հնարավոր նվազագույն արդյունքը»,- ասել է Լե Ֆոլը Ելիսեյան պալատում ֆրանսիական կառավարության նիստի արդյունքներով:


Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կայացել է անցած կիրակի, դրա արդյունքներով նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը ստացել է 24,01 տոկոս ձայն, և «Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Մարին Լը Պենը, որը ստացել է 21,30 տոկոս:


Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: