Երևանում մայրը կանխել է որդու ինքնասպանության փորձը

17:22 • 26.04.17

Ընտանիքի անդամների հետ խնդիրներ ունենալու պատճառով Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել: Tert.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գիշերը փորձել է նետվել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից: Ընտանիքի անդամները ձայներ են լսել, ինչի արդյունքում մայրը կարողացել է կանխել որդու ինքնասպանությունը:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց ինքնասպանության փորձի մասին տեղեկությունը՝ ասելով, որ նման հաղորդում ոստիկանությունը ստացել է:

«Ապրիլի 24-ին՝ ժամը 10:25-ի զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ Մառի փողոցի շենքերից մեկի հինգերորդ հարկում մի քաղաքացի բարձրացել է պատուհանի վրա և փորձում է ինքնասպան լինել»,-ասաց Ջանոյանը:

Նա տեղեկացրեց, որ պարզվել է՝ 1971 թվականին ծնված մի տղամարդ փորձել է ինքնասպանություն գործել բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով, ինչը կանխվել է մոր կողմից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն: