«Խոստումը» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում շատ մեծ է. Խորեն Լևոնյանի խոսքով՝ այն սիրուն նկարահանված գեղարվեստական ֆիլմ է (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է Հայաստանում, «Մոսկվա» կինոթատրոնում վաճառվել են ցուցադրության առաջին օրվա՝ ապրիլի 27-ի բոլոր սեանսների տոմսերի 70 տոկոսը․ այս մասին Tert.am-ին հայտնեց կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը:
«Ֆիլմի փակ պրեմիերայից հետո, որը եղավ ապրիլի 23-ին, ավելի մեծացավ հետաքրքրությունը»,- ասաց նա՝ նշելով, որ կարծում է՝ տեմպը կշարունակվի:
Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ «Խոստումը» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ հոլիվուդյան ցուցադրություններից հետո: «Համաշխարհային հետաքրքրությունը ներթափանցեց և մեր երկիր: Եվ քանի որ թեման հետաքրքիր է բոլորիս, մեր պատմությանն առնչվող իրադարձություններին են վերաբերում, երկրում պրեմիերայի սպասումը շատ մեծ էր»,- ասաց նա:
«Խոստումը» Հայաստանում ցուցադրվելու է նաև հայերեն հնչյունավորմամբ:
Ֆիլմում խաղացած Քրիստիան Բեյլին կրկնօրինակող Խորեն Լևոնյանն ունի իր մասնագիտական կարծիքը ֆիլմի մասին:
«Ես լավ եմ վերաբերում այսպիսի ֆիլմերին, որոնք ցավոք սրտի, շատ քիչ են: Համաշխարհային ստանդարտներին համապատասխանող ֆիլմ է նկարահանված, բայց մենք ուզում ենք հայկական, մեր մենթալիտետով ֆիլմ լինի․․․ դրա համար ես լսում եմ կարծիքներ, որ ուժեղ ֆիլմ չէ: Բայց ինքը համաշխարհային մակարդակի սցենարով, սիրուն նկարահանված գեղարվեստական ֆիլմ է, որը գովասանքի է արժանի»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում։










