Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

09:50 • 27.04.17

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:

Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը, Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի որոշումն ու այն համարել անընդունելի: 

Ըստ թուրքական կողմի՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունման շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ընթերցված նամակը «միակողմանի է ու պարունակում է մի շարք բացթողումներ»:

Հայտնի է, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնել են նաև Անկարայում Չեխիայի դեսպանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։