Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը կրկին քննարկման կդրվի Էրդողանի առաջ. «Ակօս»
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության խնդիրը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Շիրինօղլուն հայտնել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ:
«Մենք պետք է հանգստություն պահպանենք, վաղ թե ուշ այդ ընտրությունը կայանալու է», - ասել է Շիրինօղլուն:
Հիշեցնենք, որ դեռ հունվարին Անկարայում գտնվող նախագահական նստավայրում անցկացված հանդիպման ժամանակ Շիրինօղլուն բարձրացրել էր նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր գարնանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտից հետո «զբաղվել» հարցով:
Արդեն փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտեց ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Ավելի ուշ Էրդողանն ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքին հղած ցավակցական ուղերձում հատուկ անդրադարձել է պատրիարքի ընտրության խնդրին և հաջողություն մաղթել այդ հարցում Թուրքիայի հայությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հայտարարել է, որ եթե Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամում մոտ ապագայում դրական տեղաշարժ չնկատվի` նա կարող է հրաժարական տալ։
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:










