Քաղաքը զրույց է. զգացմունքների վավերագրություն/Բ տեքստ/
Ինչ է քաղաքը
Քաղաքը զրույց է: Սիրելի է այն քաղաքը, որը քեզ հասկանալի լեզվով է խոսում: Ու պարտադիր չէ՝ դու կիսես նրա բոլոր գաղափարները. բանավեճ է քաղաքը: Հենց այդ բանավեճից են սնվում աշխարհի խելոք ու հզոր քաղաքները: Գեղեցիկ, հարմարավետ քաղաքը հենց գաղափարական բանավեճից գոյացած փոխզիջումն է, հանրային այն հարթակը, ուր երկու անծանոթ մարդիկ հաղորդակցության, համակեցության և իհարկե՝ համագործակցության քաղաքային մշակույթ են ստեղծում: Այնտեղ, ուր չի կայանում այս զրույցը՝ քաղաքը լքվում է. Երևանում քաղաքային բանավեճերի փոխարեն այս էլ քանի տարի ընդամենը մի թափառում կա. պահպանողականների համար քաղաքն աստվածաշնչյան տեքստ է, որից ոչ մի բան չպիտի պակասի կամ ավելացվի, իսկ վայրի լիբերալը թուքումրի տարափի տակ ջնջում է հին քաղաքը և հրով ու սրով իր «պոստմոդեռնը» նաղդում մեզ վրա:Վերջ, այլ խոսույթ չի հասնում քաղաքամոր ականջին. քաղաքը սա է չրթում, թքում, ծամում, ճտտացնում, այս ծամելիքից անհամար փուչիկներ սարքում:
Քաղաքը մի բան է, որ առաջանում է նախ՝ մարդկանց գլխում:Եվ զարմանալիորեն, երբեք չի լքում իր ծննդավայր-հայրենիքը՝ շարունակում է ապրել հանրային մտքի ծալքերում: Եվ բնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք՝ քաղաքն իր քաղաքացիների գիտակցությունն է: Մենք այն ենք, ինչը քարագրում է քաղաքը՝ չար վիշապի կամ անկշտում իշխանության մասին տիեզերածավալ փաստագրությունն անգամ արդարացում չէ:
Քաղաքային քնարը
Քաղաքային միջավայրը մատնում է ոչ միայն մեր թաքուն մտքերը, այլև՝ մտքի պարապը, գաղափարական սովը, վախերն ու հիվանդությունները և մանավանդ՝ շռայլորեն ցուցադրում մեր պատրանքները: Նույն ճարտարապետությունն այլ բան չէ, քան մեր պատրանքների հագուրդը: Եթե այն խոսում է ցնորվածի, խելապակասի նման, ապա պետք է քաղաքում փնտրել և անպայման գտնել նրանց, ում անունից խոսում է սույն կոփածոն: Ուղղամիտի մեկն է քաղաքը և ցցում է մեր բոլոր հետին մտքերը, պատկերագրում հայի ետին խելքը: Պատահական չէ, որ քաղաքի հոտն անգամ փոխվել է. Երևանը դարձել է մի մեծ ճաշարան բաց երկնքի տակ, անհարմար է խոստովանելը, բայց քաղաքը նյութանակացնում է մեր նվիրական երազանքները: Մարդը քաղաք է ստեղծում, իսկ քաղաքը՝ մարդ:
Ամեն դեպքում, նվաստացուցիչ է ապրել 19-րդ դարի Եվրոպայում, սա անգամ գրելիք չէ: Սա ոչ միայն զրույցն է ջնջում, այլև՝ զրույցի հեռանկարը: Խելոքները վերադարձնում են՝ իսկ որտե՞ղ պետք է ծավալվի զրույցը, երբ խժռում են հանրային տարածքներն ու բակերը, ավանդական երևանյան թաղերը՝ ջարդելով ներէթնիկ կայուն հանրույթներին: Պատասխան չկա: Ամենալավ պատասխանը նոր հարցն է՝ իսկ ի՞նչ պիտի խոսի այն քաղաքը, որին սերնդեսերունդ դավաճանել են իր բոլոր երեխաները: Քաղաքը մատնում է՝ մեր գլխում քաոս է, իսկ հանրային փսորված մտքում քաղաքն ապրել չի կարող: Քաղաքը փախչում է: Նա կրկին ապաստան է փնտրում մեր գլխում:
Բոտեքս 2800-ամյա քաղաքամոր համար
Իհարկե, նախորդ դարի 20-ականներին կարելի էր Երևանի հայ ազնվականությանը քշել քաղաքից, բնաջնջել նրա ստեղծած քաղաքային ամբողջ մշակույթը, ապա փաստագրել՝ Հին էրևանը թուրքերով ու բոշաներով բնակեցված մի գյուղ էր ընդամենը: Ուշադրություն, այս բոշայաբանությունը նախաուրարտական ժամանակներից ստեղծված և պահպանված քաղաքի մասին է:
Ջարդարարների հաջորդ սերունդը քաղաքի հոգուն վրա հասավ խորհրդայնացումից ժամեր անց. քանդեցին եկեղեցիները, թատրոններն ու կինոթատրոնները, բնաջնջեցին հնագույն դրախտային այգիները, առանձնատները, պատմական կառույցները, թալանեցին, վտարեցին, ազգայնացրին երևանցիների, այսինքն՝ «դասակարգային թշնամու» նյութական և հոգևոր ամբողջ ունեցվածքը: Կեցցե, կորչի, ուռռա՜: Ողջ արարումն ու պատմությունն առան քաղաքի ձեռքից և սոցռեալիստ գուսաններին լծեցին Երևանից հավերժ երիտասարդ կերտելու գաղափարաբանական սայլին: Իսկ հավերժ երիտասարդը անեծք լինելուց բացի նաև անհաղթահարելի, լուրջ «դիագնոզ» է՝ հավերժ ծալապակասություն, որն ի դեպ, փոխանցվում է սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով: Ահա որտեղից մեզ՝ անկախականներիս, ապոկալիպտիկ այն կոդը, որը հեղափոխության բարիկադներից մեզ նետեց ուղիղ պատվանդանների վրա, ապա լոք տվեց դեպի շենքերն ու բակերը՝ լափելով հին քաղաքի ամենավերջին կտորտանքը: Ուրեմն՝ ոչ մի ճերմակ մազ արդեն 2800-ամյակի դուռը հասած քաղաքամոր գլխին, նրանից հավերժ երիտասարդ կերտող շուրջօրյա բոտեքսը չի շրջանցի և ոչ մի կնճիռ:
Քաղաքն ապստամբություն է
Մոլորություն է, իհարկե, թե հին քաղաքի վերջին սրբատաշ քարերը կարող են քաղաքաշինական միջավայր ստեղծել և դառնալ զբոսաշրջիկների արմանք-զարմանքը: Անհնար է մարդուն սեփական տատի դիակը ցույց տալ և հիացմունք կամ փող կորզել նրանից: Ամենաթանկ մասունքն անգամ ոչինչ է, երբ տեղակայված չէ ներդաշնակ կենսատարածքում, խոսող լանդշաֆտի վրա:
Քաղաքաշինությունը կապ չունի շենքեր քանդելու կամ կառուցելու հետ, քաղաքաշինությունը տեքստեր է ստեղծում: Այն այսօր չորս տասնյակից ավելի մասնագիտությունների համախումբ է, որը մոդելավորում է խելացի քաղաքներ, էկոլոգիապես նախընտրելի տեխնոլոգիաներ, ինովացիոն կառավարում, բարձր տեխնոլոգիաներով հագեցնում հաղորդակցական ցանցերը:Ավելի կարճ՝ այն գաղափարների ազատ հոսք է: Ահա՝ որտեղից ուր ենք հասնում:Ուրեմն, հազարավոր գաղափարակիրների չիրացված ծրագրերն ու նախագծերն ավելի թանկ են անգամ սրբատաշ քարերից: Այդ տեսիլքները քաղաքն է հրահրել մարդու գլխում, և երբ դրանք չեն պատկերվում քաղաքի վրա, չեն աշխատում մարդկանց հետ, քաղաքը ևս մի հեռանկար է կորցնում: Սրա մեջ ավելի մեծ ողբերգություն կա, այստեղ մարդ է փլվում:
Հայաստանից արտագաղթողների գերակշռիռ մեծամասնությունը քաղաքային բնակչությունն է` շուրջ 75 տոկոս, որի 70 տոկոսը բաժին է հասել Երևան քաղաքին: Ուրեմն՝ տասնամյակներ շարունակ մարդիկ են փլվել այս քաղաքում, երազանքներ, տեսիլքներ են հեռացել այս քաղաքից: Քաղաքը չքանում է, երբ դուրս է գալիս մարդկանց գլխից. նախ անհետանում են թռչունները, ապա՝ ծառերը, իսկ վերջում նրանք՝ քաղաքի երեխաները.
որովհետև քաղաքը «դուխ» է, և կարող է պատկանել բացառապես «դուխով» մարդկանց /ներողություն, օտար բառի համար/,
որովհետև քաղաքը տեղով մեկ մի մեծ հանդգնություն է /չշփոթել պնդաճակատության , առավելևս՝ ցինիզմի հետ/,
որովհետև քաղաքն ապստամբություն է…
ՎԱՐԴուհի Սիմոնյան










