Բեռլուսկոնին խոստացել է բոլոր թոշակառուներին նվազագույնը 1000 եվրո թոշակ տալ

15:14 • 14.05.17

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ելույթ է ունեցել իրավունքների պաշտպանության և կանանց սոցիալական դիրքին առնչվող հարցերի վերաբերյալ Մոնցա քաղաքում ընթացող համաժողովի ժամանակ ու նշել, որ երկրում թոշակի նվազագույն չափը պետք է 1.000 եվրո լինի:

Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Բեռլուսկոնիի կարծիքով՝ թոշակն այնքան պետք է լինի, որ բոլոր իտալացի թոշակառուներն արժանապատիվ կյանք վարեն:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր ծերությունն ուզածի պես ապրել՝ առանց ֆինանսական հոգսերի ու նյութական զրկումների: Դրա համար մենք յուրաքանչյուր իտալացի թոշակառուի համար 1.000 եվրոյի չափով (հարկերը հանած) նվազագույն թոշակ կսահմանենք: Եկեք տարեցներին վերադարձնենք սեփական արժանապատվության զգացումը»,-նշել է Բեռլուսկոնին իր ելույթում:


Նշենք, որ Իտալիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Բեռլուսկոնին «Առաջ, Իտալիա» կուսակցության նախագահն է։