Արգամ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

15:12 • 16.05.17

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո պետք է ժամանակավորապես փոխարինի քաղաքապետին՝ մինչ ընտրության օր նշանակվի և նոր քաղաքապետ ընտրվի:  

Գագիկ Պողոսյանն ասաց, որ այս պահին դեռ հայտնի չէ՝ ի՞նքն է ժամանակավորապես քաղաքապետի պարտականությունները կատարելու, թե ոչ:

«Ոչինչ հայտնի չէ, վարչապետը պետք է նշանակի»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը մասնակցել էր ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով՝ Արարատի մարզից, ստացել էր 34 415 քվե:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք իր թեկնածությունը առաջադրելու է քաղաքապետի լրացուցիչ ընտրություններում, Գագիկ Պողոսյանն ասաց. «Դեռ պարզ չէ, երբ որոշում լինի, տեղյակ կլինեք»։

Ավելի ուշ Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է.

«Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով: Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:

Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում: Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար»: