ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել են Թուրքիայից ներողություն խնդրել Վաշինգտոնում կազմակերպած ծեծկռտուքի համար

07:14 • 18.05.17

ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել են Թուրքիայից ներողություն խնդրել Վաշինգտոնում կազմակերպած ծեծկռտուքի համար: Նրանք խիստ մտահոգված են թուրք անվտանգության աշխատակիցների և ցուցարարների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ, գրում է ամերիկյան The Hill թերթը։


Նման պահանջ ստորագրած սենատորների թվում են Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնն ու Մայքլ Լին: 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։


The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալվել:


Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:


Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:


«Սա այնպիսի բռնություն էր, որ երբեք չեք սպասի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում: Սա այնպիսի բռնություն էր, որ կարելի է տեսնել Էրդողանի Թուրքիայում և այլ բռնապետություններում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը նկարահանել է հարձակման մի մասը և ուղիղ հեռարձակել Facebook-ում կազմակերպության էջում:


ԱՄՆ պետքարտուղարությունը ևս իր անհանգստությունն էր հայտնել տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ նշելով, որ իրենք ամենուր աջակցում են խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների մարդկանց իրավունքները։