Սիրիական Հոմսն ամբողջովին ազատագրվել է գրոհայիններից, քաղաքում բարձրացվել է սիրիական դրոշը

09:43 • 22.05.17

Սիրիական Հոմս քաղաքի կենտրոնական Ալ Վաեր թաղամասի հրապարակում բարձրացվել է Սիրիայի պետական դրոշը, քաղաքն ամբողջովին ազատագրվել է զինված ահաբեկիչներից, այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Ալ Վաերը Հոմսի վերջին թաղամասն էր, որտեղ դեռևս գտնվում էին զինված գրոհայիններ: Նշվում է, որ կիրակի Հոմսը լքել է զինյալների վերջին խումբը, ինչից հետո Սիրիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն ամբողջովին անցել է սիրիական կառավարական ուժերի հսկողության ներքո:

Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել Հոմսի նահանգապետ Թալալ Բարազիի անմիջական մասնակցությամբ, ըստ գործակալության թղթակցի՝ քաղաքում տիրել է տոնական տրամադրություն:

Ընդհանուր առմամբ, գաղթի 11 փուլերի ընթացքում քաղաքը լքել է 17.000 մարդ, այդ թվում՝ 3.500-ին մոտ գրոհային: