Չեչնիայում միասեռականների հետապնդումն իրականացվել է իշխանությունների հրամանով. Human Rights Watch

15:42 • 26.05.17

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Չեչնիայում միասեռականների ճնշումների և խոշտանգումների մասին:


Փաստաթղթում խոսվում է 2017 թվականի փետրվարի վերջից առնվազն մինչև ապրիլի սկիզբ միասեռականների հետապնդումների մասին: Կազմակերպության տվյալներով՝ դրանք իրականացվել են «Չեչնիայի պաշտոնատար անձանց հրամանով և ղեկավարությամբ», իսկ LGBT համայնքի հետապնդումներում առանցքային դեր է խաղացել, հնարավոր է, Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովը:


HRW-ն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երկրի կառավարությանը դատապարտել միասեռականների հետապնդումները և իրականացնել բռնության մասին հաղորդումների մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն:


Զեկույցում նաև կոչ է արվում Եվրամիությանը, Կանադային, ԱՄՆ-ին և Ավստրալիային միջոցներ ձեռնարկել հետապնդումներից տուժածներին անվտանգ ապաստան տրամադրելու համար:


Ապրիլին «Новая газета»-ն նյութ է հրապարակել այն մասին, որ Չեչնիայում ձերբակալվել է միասեռականության համար կասկածվող մոտ 100 մարդ: Թերթի հաղորդմամբ՝ նրանք խոշտանգումների են ենթարկվել, սպանվել է առնվազն երեք մարդ: