Էրդողանի թիկնազորի հարձակումը խաղաղ ցուցարարների վրա աններելի է. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

21:42 • 26.05.17

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը Էրդողանի թիկնապահների` մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա իրականացրած հարձակումն «աններելի» է անվանել:

Ինչպես նշում է The Armenian Weekly-ն, վերջինս հավանության է արջանացրել Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում ընդունված և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի դաժան հարձակումը դատապարտող բանաձևը:

«Թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված դաժան հարձակումն աններելի է, և Էրդողանի կառավարության պատասխանն ընդհանրապես ադեկվատ չէ: Թուրքիան կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ի կազմում, բայց երկրի ղեկավարները պետք է լիովին դատապարտեն և ներողություն խնդրեն իրենց անքակտելի իրավունքները պաշտպանող անմեղ քաղաքացիների նկադմամբ դրսևորած այդ կոպիտ վերաբերմունքի համար», - ասել է Փոլ Ռայանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի բանաձևը ստորագրել են 38 անդամ, որոնց ավելի ուշ միացել են մի քանի գործընկերներ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիան չի ընդունում բանաձևը: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ն շտապել է բանաձևի ընդունման հարցում՝ չուսումնասիրելով խնդրի բոլոր կողմերը: