ԱՄՆ-ն զրկվել է համաշխարհային առաջնորդի կարգավիճակից. Գերմանիայի ԱԳՆ

10:30 • 30.05.17

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և հայտարարել, որ Միացյալ Նահանգները կորցրել է արևմտյան աշխարհի առաջատար գերտերության կարգավիճակը: Այդ մասին գրում է Der Spiegel պարբերականը:


Փախստականների և միգրացիայի հարցերով կլոր սեղանին Գերմանիայի արտգործնախարարը մատնանշել է ԱՄՆ-ի՝ արևմտյան «արժեքների համայնքում» որպես կարևորագույն գերտերության չկայացած լինելը և կոչ է արել հակազդել Սպիտակ տան քաղաքականությանը: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը բացասաբար է ազդում աշխարհում տիրող իրավիճակի վրա:


Գաբրիելն ընդգծել է, որ Թրամփի պաշտոնի անցնելուց ի վեր ուժերի հարաբերակցությունը միջազգային դաշտում փոխվել է:

«Արևմուտքը փոքր-ինչ փոքրացել է»,- նշել է նա:


Նախարարը նաև քննադատել է միգրացիայի և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում նոր վարչակազմի դիրքորոշումը: Նրա տեսանկյունից՝ այդ ոլորտներում Սպիտակ տան նախաձեռնությունները միայն վատթարացնելու են առկա խնդիրները: