Եվրախորհուրդը հետաքննություն է սկսում Ադրբեջանի ներգրավվածությամբ կոռուպցիոն գործով

18:30 • 01.06.17

Եվրոպայի` մարդու իրավունքների ամենամեծ կազմակերպությունը` Եվրախորհուրդը, հետաքննություն է սկսել խորհրդում ներսում տիրող ենթադրյալ կոռուպցիայի գործով, որում ներգրավված է Ադրբեջանը:

Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, հետաքննությունն առնչվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամների, որոնք մեղադրվում են Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:

Ինչպես նշվում է, կասկածներ կան, որ նավթով հարուստ Ադրբեջանը ներազդել է ԵԽԽՎ-ի որոշման վրա, որով մերժվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին 2013 թ.-ի զեկույցը:

47 անդամ երկրից կազմված Եվրախորհուրդը, որը գործում է Ստրասբուրգում, ԵՄ մաս չի կազմում և վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կետերի պահպանումը:

2013-ի հունվարին ԵԽԽՎ-ն մերժել է գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի զեկույցը, որը ներկայացնում էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոչ անում երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Գործը քննում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ բրիտանացի սըր Նիկոլաս Բրատցան, հակաահաբեկչական գործերով ֆրանսիացի դատավոր Ժան-Լուի Բրուգիերը, ՄԻԵԴ-ի նախկին դատավոր շվեդ Էլիզաբեթ Ֆուրան: