Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումն արդյունք չտվեց. գերմանացիներին չի թույլատրվել այցելել «Ինջիրլիք»

15:20 • 05.06.17

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան առաջվա պես հավատարիմ է մնում իր որոշմանն ու թույլտվություն չի տրամադրի գերմանացի պաշտոնյաներին Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու համար:

Ինչպես հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Չավուշօղլուն նշել է, որ գերմանական կողմը կարող է այցելել միայն թուրքական Կոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չավուշօղլուն հատարարել էր, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի նկատմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին «Ինջիրլիք» թուրքական ռազմաբազայից: