Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է արգելել որոշ «վտանգավոր» երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ

09:58 • 06.06.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ընդգծել է որոշ «վտանգավոր» երկրների քաղաքացիների մուտքը երկիր ժամանակավորապես արգելելու անհրաժեշտությունը, գրում է РИА Новости գործակալությունը:

Twitter-ի իր էջում Թրամփը, մասնավորապես, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հստակ արգելք սահմանի որոշ «վտանգավոր» երկրների քաղաքացիների մուտքի հարցում, այլ ոչ թե օգտագործի ինչ-որ քաղաքականապես կոռեկտ տերմին, որը ոչ մի կերպ չի օգնի պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին:


Թրամփը մարտի 6-ին ստորագրել է միգրացիոն նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրների՝ Սուդանի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների համար:


Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:

ԱՄՆ մի շարք դաշնային դատարաններ հակասահմանադրական են ճանաչել միգրացիոն հրամանագիրն ու ժամանակավորապես կասեցրել դրա իրագործումը: