«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում ահաբեկչությունների պատասխանատվությունը. հաղորդվում է 7 զոհի մասին (թարմացված, տարբերակ 6, լուսանկարներ, տեսանյութ)

10:42 • 07.06.17

13.28 

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով խմբի AMAQ պաշտոնական լրատվական գործակալությանը:


«Իսլամական պետության մարտիկները հարձակվել են Թեհրանում Խոմեյնիի դամբարանի և Իրանի խորհրդարանի վրա»,- ասված է լրատվական գործակալության հաղորդագրությունում:

 

 

 

13.02

Իրանի խորհրդարանում գտնվող ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն: Այդ մասին հայտնում է PressTV-ն: Նշվում է նաև, որ խորհրդարանի շենքում գտնվող ահաբեկիչներից մեկը սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կողմից:


Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ թիմը ձերբակալել է երկու ահաբեկչի Իմամ Խոմեյնիի դամբարանում:


Իրանի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Հետախուզության և ազգային անվտանգության նախարարությանը, նշել է, որ Թեհրանում հարձակումներն իրականացրել են ահաբեկիչները:


Հետախուզության նախարարության հակաահաբեկչական բաժնի պաշտոնյան հայտնել է նաև, որ այսօր ավելի վաղ մայրաքաղաք են մտել մի քանի ահաբեկչական խմբեր: Դրանցից մեկը վնասազերծվել է մինչ հարձակումներ իրականացնելը, իսկ այդ ընթացքում մյուս երկուսը հարձակումներ են գործել խորհրդարանում և դամբարանում: Դամբարանում ահաբեկիչներից մեկը սպանվել է հատուկ ուժերի կողմից՝ մինչ պայթուցիկները գործի դնելը, իսկ մյուս ահաբեկիչը հասցրել է պայթեցնել իրեն:


IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանում երկու ահաբեկչական գործողությունից հետո, Թեհրանի անվտանգության խորհուրդը շտապ հանդիպում է անցկացնում:

  

 

 

 

 

 

12.28

Իրանական Tasnim գործակալությունը նշել է, որ Իրանի խորհրդարանում, աղբյուրների հաղորդմամբ, յոթ մարդ է սպանվել ահաբեկչական հարձակման հետևանքով, իսկ շենքի վերևի հարկում 4 մարդ պատանդ է պահվում: Անվտանգության ուժերն այդ տեղեկությունը դեռևս չեն հաստատել:


Թեհրանի Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակում գործած զինված անձանցից մեկն էլ, ով պայթեցրել է իրեն, տեղեկությունների համաձայն, կին է եղել: Նա պայթեցրել է իրեն դամբարանի բակում: Այդ մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, իսկ մեկը ցիանիդ է խմել՝ ինքնասպան լինելով:


Գործակալությունը հայտնում է նաև, որ անվտանգության ուժերը փակել են խորհրդարանի հարակից փողոցները՝ փորձելով ձերբակալել խորհրդարանի շենքի ներսում գտնվող զինված անձանց:

 

11.37

Իրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է Mehr գործակալությունը: 


Չորս զինված տղամարդ կրակ է բացել Իրանի խորհրդարանի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցների վրա՝ սպանելով մեկին և վիրավորելով մի քանի աշխատակցի: Գործակալությունը հայտնում է, որ նրանցից երեքը փախել են խորհրդարանի հյուսիսային մասնաշենք, որտեղ գտնվում են օրենսդիրների աշխատասենյակները, և այժմ գտնվում են այնտեղ: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նագավի Հոսեյնիի խոսքով՝ հարձակվողներից մեկը ձերբակալվել է:


Տեղեկությունների համաձայն՝ զինված անձինք եղել են խորհրդարանի առջև հավաքված ցուցարարների մեջ: Նրանցից մեկը, տեղեկությունների համաձայն, կրակ է բացել և վիրավորել երեք քաղաքացու:


Գործակալության հաղորդմամբ՝ զինված տղամարդկանցից մեկը նույնականացվել է որպես մահապարտ և այժմ շրջապատված է անվտանգության ուժերի կողմից:


Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ ոստիկանական ուժերն այժմ ռումբ են վնասազերծում Իմամ Խոմեյնիի դամբարանում:


Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի վրա տեղի ունեցած հարձակման հետ միաժամանակ զինված անձինք հարձակվել են նաև Թեհրանի հարավում գտնվող դամբարանի վրա: Տեղեկությունների համաձայն՝ հարձակվողներից երկուսը ձերբակալվել են, մեկը պայթեցրել է իրեն:


Նախնական տեղեկություններով՝ դամբարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 5 մարդ, մեկը՝ զոհվել է:


Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը կարողացել են սպանել ահաբեկիչներից մեկին: Րոպեներ առաջ անվտանգության աշխատակիցները նաև մի կնոջ են ձերբակալել:


11.06
Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեք անհայտ անձ կրակահերթ է բացել Իմամ Խոմեյնիի դամբարանում: Գործակալությունը հայտնում է, որ հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է իրեն:


Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ խորհրդարանի շենքում էլ անհայտ անձը կրակել է անվտանգության աշխատակիցների վրա և վիրավորել նրանցից մեկին և ևս երկու քաղաքացու:


Որոշ տեղեկությունների համաձայն՝ կրակ բացած անձը փախել է շենքից, բայց խորհրդարանի բարձրաստիճան անդամներից մեկը հայտնել է Fars գործակալությանը, որ նրան հաջողվել է ձերբակալել:


Միևնույն ժամանակ, խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտնել է գործակալությանը, որ հարձակվողները երեքն են եղել և ունեցել են Կալաշնիկով երկու ինքնաձիգ և մեկ ատրճանակ:


Խորհրդարանի առջև գտնվող լրագրողները հաղորդում են, որ խորհրդարանի շենքից դեռևս կրակոցների ձայներ են լսվում:


 

10.42

Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում, ինչի հետևանքով երկու մարդ ստացել է վնասվածքներ: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը:


Հարձակվողները երեքն են, կրակոցները շարունակվում են: Հաղորդվում է, որ հարձակվողները պատանդ են վերցրել մի քանի մարդու:


Հարձակվողի ինքնությունը և նպատակը դեռ հայտնի չէ:


Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժերը դեռևս չեն հաստատել Իրանի խորհրդարանում պատանդներ վերցնելու մասին հաղորդումները:


Գործակալությունը հայտնում է նաև, որ տեղեկություններ կան մեկ այլ վայրում՝ Թեհրանի հարավում գտնվող Իմամ Խոմեյնիի դամբարանում կրակոցների և վիրավորների մասին: