Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր ահաբեկիչները սպանվել են. զոհվել է 12 մարդ (լուսանկարներ, տեսանյութեր)
Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են, հայտնում է Mehr գործակալությունը: Տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:
Իրանի շտապ բժշկական ծառայության կենտրոնի ղեկավարի հաղորդմամբ՝ երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 մարդ վիրավորվել է:
Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժերն այժմ հարձակումների հետևանքների վերացման գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքում:
IRNA գործակալության հաղորդմամբ՝ երկրի առողջապահության նախարարի խորհրդական Աբաս Զարենեջադը ավելի վաղ հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացել են Թեհրանի ահաբեկչական հարձակումների հետևանքով 38 վիրավորներից երկուսը:
Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին էլ հայտնել է, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Զոհերի մասին նախնական տեղեկություններն իրանական մամուլում հակասական էին, սակայն Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում էր, որ յոթ մարդ սպանվել է խորհդարանի վրա իրականացված հարձակման հետևանքով և ևս մեկ մարդ՝ Խոմեյնիի դամբարանում:
Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել երեք ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Մյուս երկու հարձակումները տեղի են ունեցել խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Նախարարության համաձայն՝ դամբարանում մահապարտ ահաբեկիչներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, իսկ մյուսը հասցրել է պայթեցնել իրեն:

Footage reportedly shows terrorists firing shots from #IranParliament building pic.twitter.com/jEOM66UrVc
— Press TV (@PressTV) June 7, 2017
URGENT: Footage of shooting outside Parliament building in Tehran#TehranShooting pic.twitter.com/zTahtqt2CS
— Press TV (@PressTV) June 7, 2017










