Կատալոնիան հոկտեմբերին անկախության հարցով հանրաքվե կանցկացնի

14:56 • 09.06.17

Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են հոկտեմբերի 1-ին Իսպանիայից առանձնանալու և անկախություն ստանալու հարցով հանրաքվե անցկացնել:

Ինչպես նշում է The Guardian-ը, Իսպանիայի կառավարությունը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել վիճահարույց հանրաքվեի անցկացումը կանխելու համար:

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մանրամասնել է, որ հանրաքվեի մասնակիցներին ընդամենը մի հարց է տրվելու՝ ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան հանրապետության ձևով անկախ երկիր դառնա:

Պուչդեմոնի պնդմամբ՝ Կատալոնիան բոլոր քաղաքական, տնտեսական ու մշակութային իրավունքներն ունի անկախություն ստանալու համար:

Սակայն Իսպանիայի կառավարությունը դեմ է դրան՝ առարկելով, որ Կատալոնիայի առանձնացումը հակասում է  երկրի սահմանադրությանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 3 տարի առաջ անցկացված համազգային սոցհարցման արդյունքների համաձայն՝ կատալոնացիների 80%-ը կողմ է Իսպանիայից առանձնանալուն: