Flightradar-ը ճիշտ է ցույց տալիս. Դ. Աթբաշյանը՝ Արցախի տարածքով Ստամբուլից-Բաքու թռչող ինքնաթիռի մասին

21:26 • 13.06.17

Ես տեղյակ չեմ դեպքի մասին, բայց որպես քաղավիացիայի մասնագետ, կարող եմ ասել, որ Flightradar ծառայությունը ճիշտ է ցույց տալիս ինքնաթիռի թռիչքի ուղղությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը:

Նշենք, որ flightradar24.com կայքի համաձայն՝ Ստամբուլից թռչող Turkish Airlines ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարել է TK334/THY3RF չվերթը, Բաքու է հասել Արցախի օդային տարածքով՝ անցնելով Ստեփանակերտից մի փոքր հյուսիսով:

«Արցախը գտնվում է 2-3 օդային միջանցքների միջև: Դրանք հենց Արցախի սահմանների մոտով են անցնում: Եթե ինքնաթիռը թռիչքի ժամանակ 5-10 կմ աջ կամ ձախ շեղվի, արդեն հայտնվում է Արցախի օդային տարածքում»,- նշեց Աթբաշյանը:

Մասնագետի կարծիքով՝ եթե հայկական կողմը հարված հասցներ Արցախի օդային տարածքով թռչող թուրքական ինքնաթիռին, դա շատ սխալ քայլ կլիներ:

«Ամբողջ միջազգային հանրությունը շատ վատ կընդուներ: Ամբողջ աշխարհում քաղավիացիային աշխատում են աջակցել, վնաս չպատճառել ոչ մի օդանավի»,- նկատեց նա:

Հիշեցնենք նաև, որ 2011 թվականին ավարտվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները, սակայն մինչ օրս չի հաջողվում օդային ուղևորափոխադրումներ իրականացնել Արցախի և Հայաստանի միջև, քանի որ առկա են քաղաքական խոչընդոտներ: Ադրբեջանը զգուշացրել է՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների դեպքում հարվածներ կհասցնի «իր օդային տարածքը խախտելու համար»: