ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն աշնանը կարող են զորավարժություններ անցկացնել նոր ձևաչափով
Բելառուսն առաջարկում է 2017 թվականի աշնանն օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում փորձարկել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի մասշտաբային ձևաչափ: Այդ մասին երեքշաբթի հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում է ТАСС-ը:
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ այս տարվա աշնանը նախատեսված է փորձարկել ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմավորումների համատեղ նախապատրաստության նոր, ավելի մասշտաբային ձևաչափ՝ օպերատիվ-ռազմավարական զորավարժություններ, որոնց ընթացքում կգնահատվի համատեղ գործողություններին շտաբների և զորքերի պատրաստության մակարդակը»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն մշակել հավաքական անվտանգության տարբեր շրջաններում զորքերի գործողությունները միասնական ուսումնական միջավայրում, այլև մշակել արդեն հիբրիդային ձևեր ստացած ժամանակակից սպառնալիքների կանխման ուղղությամբ գործողություններ:
«Դա այսօրվա իրականությունն է, և կազմակերպությունից պահանջում է համապատասխան արձագանք»,- նշել է Բելառուսի նախագահը:










