Իսպանիայի դատախազությունը հինգ տարվա ազատազրկում է պահանջում ԱՄՀ-ի նախկին ղեկավարի համար՝ խարդախության մեջ կասկածանքով

22:58 • 13.06.17

Իսպանիայի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարի Ռոդրիգո Ռատոյի համար հինգ տարվա ազատազրկում է պահանջում՝ Bankia բանկի արժեթղթերի շուկա դուրս գալու ժամանակ խարդախության մեջ կասկածանքով: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:


Նշվում է, որ ԱՄՀ նախկին ղեկավարը, ով նախկինում Bankia բանկի նախագահն էր, կարող է ներգրավված լինել ներդրողներին մոլորեցնելու մեջ: Ավելի վաղ իսպանացի դատավորն առաջարկել է գործ հարուցել Ռատոյի և ևս մոտ 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք կասկածվում են խարդախության և ֆինանսական զեկույցների կեղծման մեջ:


Դատավորի կարծիքով՝ 2010 և 2011 թվականին ֆինանսական հաստատության նախկին ղեկավարությունը կեղծ տվյալներ է տրամադրել արժեթղթերի շուկա բանկի դուրս գալու համար: