Մահվան ելքով ավտովթարի գործով Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն մեղադրանք է առաջադրվել
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Վերջինս հայտնեց, որ անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, ով գիտակցության չգալով մահացել է:
Պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է 17-ամյա երիտասարդ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:
Tert.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետը ևս հաստատել էր, որ ղեկին եղել է իր որդին և մեքենայի բանալիներն ինքն է վերցրել:










