ԿԳՆ-ից մինչև մտահոգ քաղաքացիներ արձագանքել են բուհ-գործատու օղակում առկա բացերը լրացնելու վերաբերյալ Արման Սաղաթելյանի նախաձեռնությանը

16:19 • 14.06.17

 

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը բուհ-աշխատատեղ շղթայում առկա բացերի վերացում նախատեսող իր նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ է ստացել ինչպես պետական կառույցներից, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հասարակական կազմակերպություններից, մտահոգ քաղաքացիներից  ու միջնորդավորված բուհերից: Tert.am–ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ դրանք առաջիկայում կքննարկվեն ու կամփոփվեն:

«Դրանց թվում կան բազմաթիվ կառույցներ, մասնավորապես, ՀԿ-ներ, որոնք այս ոլորտում արված ուսումնասիրություններ ունեին: Արձագանքել է «Երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոնը», ստացել եմ համագործակցության առաջարկ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի ղեկավարած Մարդկային զարգացման միջազգային կենտրոնից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Կրթության և գիտության նախարարությունից»,- ասաց ՀՀԿ պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության իր կոչին ակտիվ արձագանքելու համար:

Հիշեցնենք, որ Արման Սաղաթելյանը, ով բուհ-աշխատատեղ շղթայում առկա բացերի խնդրին առնչվել է նաև որպես դասախոս և գործատու, վերջերս իր մտահոգությունն էր հնչեցրել այն փաստի կապակցությամբ, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շատ շրջանավարտներ դժվարությամբ են իրենց տեղը գտնում աշխատանքի շուկայում, քանի որ մի կողմից գործատուների պարտադիր պահանջն աշխատանքային փորձն է, իսկ մյուս կողմից՝ նորավարտ մասնագետն այդ փորձը ստանալու որևէ հնարավորություն չունի բուհում ուսանելու տարիներին:

Հիմնական մտահոգությունն այն է, որ բուհերն ի վիճակի չեն աշխատանքային պահանջներին համապատասխան պրակտիկա ապահովել, քանի որ դա չվարձատրվող կամ ընդհանրապես որևէ մոտիվացիա չունեցող գործընթաց է:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ առաջարկները բազմասպեկտր են, բազմաբնույթ, սակայն լավատեսականն այն է, որ պետական մարմինների՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Կրթության ու գիտության նախարարությունների մոտեցումներում ու տեսլականներում համընկնումներ կան:  Ըստ Սաղաթելյանի՝ լավատեսական է նաև այն, որ բոլորը հասկանում են, որ բուհ-աշխատատեղ օղակում ինչ-որ մի բանի սխալ լինելը խնդիր է:

«Մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված արձագանքից կարելի է հասկանալ, որ այդ գերատեսչության ուշադրության կենտրոնում են աշխատանք փնտրողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն չունեն աշխատանքային փորձ: Նախարարությունը մշակել է կարգ՝ ինչպես աջակցել այդ մարդկանց պետական կառույցներում իրենց պրակտիկ հմտությունները զարգացնելու ուղղությամբ: Դա առայժմ նախագիծ է և, ըստ ամենայնի, շուտով կներկայացվի գործադիրին՝ որոշում դառնալու համար»,- մանրամասնեց Արման Սաղաթելյանը:

Սրա հիմնական իմաստը այս ոլորտում պետական հստակ քաղաքականություն ունենալն է, որպեսզի բարձրագույն կրթությամբ գործազուրկ մարդիկ կարողանան այդ փորձը ձեռք բերել: «Բուհ ավարտող երիտասարդները կունենան հնարավորություն ծանոթանալու այդ կառույցների աշխատանքին, ձեռք բերելու որոշ հմտություններ և այդուհետ՝ ունենալով այդ պաշարը, տեղավորվել աշխատանքի, եթե խոսքը պահանջարկված մասնագիտությունների մասին է։ Սա շատ լավ է։ Միևնույն ժամանակ, եթե մենք կարողանանք խթաններ մտածել ու ամրագրել դրանք նաև մասնավոր հատվածի համար, ապա ինչ-որ ժամանակ անց կարող ենք երիտասարդների աշխատանքային հեռանկարներն ապահովող լայն դաշտ ունենալ թե՛ պետական, թե մասնավոր հատվածներում»,- շարունակեց Արման Սաղաթելյանը:

Նրա փոխանցմամբ՝ Կրթության և գիտության նախարարությունն էլ իր մասով ունի իր պատկերացումներն ու անելիքները:  Բուհերն էլ,  լինելով եվրոպական, ռուսաստանյան և հայաստանյան, իրենց ներքին մոդելներն ունեն, ուսումնական ծրագրերն ու շրջանավարտ-գործատու հարաբերությունների կարգավորման, պրակտիկայի կազմակերպման իրենց մոդելը:

Ի պատասխան հարցի, թե քանի որ նախորդ հարցազրույցում չէր պնդել, որ խնդիրն օրենքով կարգավորելը պարտադիր է, այս ընթացքում հասցրե՞լ է կողմնորոշվել՝ կա՞ օրենսդրական նախաձեռնության կարիք, թե ոչ, Արման Սաղաթելյանը նկատեց.

«Գիտեք, եթե անգամ այս փուլում չխոսենք օրենսդրական նախաձեռնությունների մասին, չնայած, կարծում եմ, դրա անհրաժեշտությունն, այնուամենայնիվ, կլինի, ապա եթե անգամ կարողանանք մոդեռնացնել և կազմակերպել գոնե այդ փորձի փոխանակումը, այդ  հարցերի հրապարակային արծարծումը, միևնույն է, չափազանց օգտակար կլինի: Եվ եթե մենք սեղանի շուրջ հավաքվենք մասնավոր սեկտորի, պետական կառույցների, շահագրգիռ պետական կառավարման կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչների, փորձագետների, ինչու ոչ՝ քաղաքական գործիչների հետ, ապա շատ օգտակար եզրահանգումներ կարող ենք ունենալ, ինչպես նաև շատ կարևոր արդյունքներ»: