Գնաճի տեմպերը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մակարդակով են. Վիլեն Խաչատրյան

20:33 • 14.06.17

Գնաճի տեմպերը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մակարդակով են, պատճառը՝ տնտեսության մեջ ներդրված գումարներն են: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին մեկ տարում գրանցված գնաճին:

Ըստ նրա՝ աշխարհում գնաճի միտումներн սկսել են որոշակի առումով ակտիվանալ, դեֆլյացիայից անցում է կատարվում գնաճի տիրույթ:

«Տարբեր համաշխարհային խոշոր բանկեր՝ Եվրոպական կենտրոնական բանկ, Դաշնային պահուստային համակարգ, ճապոնական և այլն, այնքան գումար են լցրել տնտեսության մեջ, որ աշխարհում որոշակի գնաճ են կարողացել առաջացնել: Դա զարգացած երկրներից տրամաբանորեն պետք է տեղափոխվի նաև զարգացող երկրներ, և մեզ մոտ գուցե արդեն ակտիվացման փուլ է մտնում»,- նշեց տնտեսագետը:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ 2017թ. 5 ամիսներին 2016 թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.1 տոկոս գնաճ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ոչ թե գնաճ է արձանագրվել, այլ գնանկում՝ 0.6 տոկոս: 2017թ. մայիսին 2016-ի մայիսի համեմատ Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ, իսկ միան սննդամթերքի ապրանքախմբում՝ 6.2 տոկոս գնաճ:

Խաչատրյանի խոսքով՝ համաշխարհային մակարդակով գնաճը, իհարկե, ցածր է, բայց ընդհանուր գնաճի տեմպերի առումով աշխարհում որոշակիորեն շարժեր սկսել է նկատվել: Նրա կարծիքով՝ այս պարագայում կապ ունի նաև այն, որ Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է: Հնարավոր է, որ ընտրական գործընթացներն էլ իրենց ազդեցությունն ունենացած լինեն գնաճի վրա:

«Կարելի է գնաճը կապել նաև հետընտրական փուլի հետ, որովհետև կան ցանցեր, որոնք իրենց ղեկավարների մակարդակով մասնակցել են ընտրություններին, և գուցե գնաճն ունի վերջինիս տրամաբանությունը, բայց դա հիմնավորելու համար ամեն մի ապրանքատեսակի գծով լուրջ հաշվարկներ են պետք»,- ասաց նա: