Հայտնի գինեգործ Փոլ Հոբսն այցելել է Հայաստան և ներկայացրել TEXSOM International Wine մրցույթում արծաթե մեդալի արժանացած Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիները
Մայիսի 7-ից 8-ը հայտնի գինեգործ Փոլ Հոբսն այցելել է Հայաստանը՝ ներկայացնելով Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիները: Նա նաև այցելել է խաղողի այգիներ և դիտել գինու պատրաստման գործընթացը:
Asbarez-ի հաղորդմամբ՝ Yacoubian-Hobbs ապրանքանիշը գինեգործ Փոլ Հոբսի և Յակուբյանների ընտանիքի համագործակցությունն է, որը մասնագիտացել է Հայկական բարձրավանդակում բարձրորակ գինիների պատրաստման հարցում:
Նշվում է, որ Հայաստանում ներկայացվել է 2014 թվականի բերքահավաքից ստացված մեկ սպիտակ և երկու կարմիր տեսակի գինի՝ պատրաստված հայկական խաղողից:
Հայտնի է, որ միջոցառումից մեկ շաբաթ առաջ Հոբսը և Յակուբյանները Լոս Անջելեսի 71Above անվանի ռեստորանում ներկայացրել են գինիների այս հավաքածուն՝ արժանանալով մեծ գովասանքի:
«Յակուբյան-Հոբս համագործակցության արդյունքը վկայում է, որ Հայաստանը բարձրորակ գինիներ պատրաստելու ներուժ ունի: Ի վերջո, սա գինեգործության օրրանն է և որպես այդպիսին պետք է իր տեղն ունենա որակյալ գինիների համաշխարհային քարտեզի վրա», - ասել է Փոլ Հոբսը «Նոյան տուն» խանութ-սրահում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ապրանքանիշի ներկայացրած սպիտակ գինին չորս տեսակի տեղական խաղողի խառնուրդ է, որում զգացվում է կատարյալ հասունության պտուղը և պահպանվում զգալի թարմություն ու բարդ բույրերի շերտեր:
Կարմիր գինին ամբողջությամբ պատրաստված է տեղական Արենի խաղողից. այս թարմ և նրբաճաշակ գինին օժտված է վառ պտղային բույրով և Արենիին հատուկ ջերմությամբ:
Երրորդ տեսակի գինին (Sarpina) նույնպես պատրաստված է Արենի խաղողից. մուգ կարմիր այս գինին օժվտած է հիասքանչ ծաղկային և հատապտղային բույրով:
«Այս գինիների համը վկայում է, որ հայկական գինիները կարող են ներկայացվել համաշխարհային շուկայում: Մենք այդ ճանապարհին ենք և շատ ոգեշնչված ենք», - եզրափակել է Հոբսը:
Ավելի վաղ Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիները ներկայացվել են ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անցկացված TEXSOM International Wine գինիների մրցույթում՝ արժանանալով արծաթե մեդալի: (TEXSOM International Wine-ը գինու ամենահեղինակավոր միջազգային մրցույթներից մեկն է, որը միավորում է գինեգործության ոլորտի մասնագետներին):
Yacoubian-Hobbs գինիներն արդեն հասանելի են Հայաստանի բոլոր բարձրակարգ ռեստորաններում և գինու սրահներում: Այս գինիները նաև թողարկվել են Միացյալ Նահանգներում:










