Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները ՀՀ քաղաքացիներ չեն․ ԱԳՆ

11:04 • 14.06.17

Մոսկվա-Երևան երթուղու վթարի հետևանքով տուժածները Հայաստանի քաղաքացիներ չեն․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։


«Տուժածները Ռուսաստանի քաղաքացիներ են»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ ՌԴ Վորոնեժի մարզում երեք մարդ էր տուժել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ճանապարհից դուրս գալու հետևանքով: Տուժածներից 2-ը երեխա են եղել:


«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Ավտոբուսն իրականացնում էր Մոսկվա-Երևան երթուղին, տրանսպորտային միջոցում կար 39 մարդ»,- երեկ հայտնել էին ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:


Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյան տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD  61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով: «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: