Հետաքրքրասեր չինուհին թռիչքից առաջ բացել է օդանավի վթարային ելքն ու մոտ 15.000 դոլարի վնաս պատճառել

16:18 • 14.06.17

Չինական Xiamen Air ավիաընկերության ուղևորներից մեկը, չկարողանալով զսպել հետաքրքրասիրությունը, թռիչքից առաջ բացել է վթարային ելքի դուռը:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ Պեկինի միջազգային օդանավակայանում: Դրա հետևանքով MF8118 չվերթը չեղարկվել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ երբ բորտուղեկցորդն անվտանգության կանոններն է բացատրել վթարային ելքի մոտ նստած ուղևորներին ու նշել, որ նորմալ իրավիճակում ելքի բռնակին չի կարելի ձեռք տալ, նստած կանանցից մեկը սեղմել է այդ բռնակը:

Արդյունքում ոստիկանությունը 12 օրով կալանավորել է կնոջը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը նման բան է արել՝ առաջնորդվելով հետաքրքրասիրությամբ: Նա պարզապես ցանկացել է տեսնել, թե ինչ կկատարվի, եթե սեղմի արգելված բռնակը:

Միջադեպի ժամանակ օդանավում եղել է 113 մարդ, որոնց տարհանել են ու հետո այլ չվերթներով ուղարկել:

Հայտնի է, որ վթարային ելքի բռնակի վերանորոգման համար կպահանջվի մոտ 15.000 դոլար: