ՍԴ-ն վարույթ է ընդունել Ավետիսյանների սպանության գործով իրավահաջորդների դիմումը .պատասխանող կողմն Ազգային ժողովն է
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը. «ՍԴ-ն վարույթ է ընդունել մեր դիմումը, որով վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության»:
Նա նաև հայտնեց, որ գործով դատավարության պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը:
«Մենք, տվյալ դեպքում, գտնում ենք՝ 376 պրիմ 1 հոդվածն իր բովանդակությամբ հակասում է: Նշեմ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել հայցն ընդունել վարույթ, որը մեր կողմից վերաքննության կարգով բողոքարկվել էր: Վերաքննիչ քրեական դատարանը չընդունեց հայցադմումը, նշելով, որ այդ նորմը բողոքարկման ենթակա չէ, որովհետև այդ նորմով սահմանված չէ, որ տվյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Չնայած վերաքննիչ բողոքում մենք նշում էինք կատարել, որ Սահմանադրական դատարանը կոնկրետ ունի կայացված որոշում, թե որոնք են հանդիսանում բողոքարկման ենթակա և ոչ ենթական որոշումները: Շիրակի մարզի դատարանի կողմից կայացված որոշումը գտնվում է այն որոշումների ցանկում, որը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու»,- ասաց Կիվիրյանը:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի մայիսի 30-ին որոշում է կայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու մասին, որով իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում:
Իրավահաջորդները դիմում էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարան, սակայն դիմումը վարույթ չէր ընդունվել, ինչից հետո դիմել են ՍԴ-ը:
Արամազդ Կիվիրյանը նաև հայտնեց, որ ՍԴ-ում նշված գործով դատաքննությունը նշանակվել է 2017 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին:










