ԱՄՆ գլխավոր դատախազը հերքել է ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու մեղադրանքները

09:57 • 14.06.17

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ երբեք հանդիպումներ չի անցկացրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի ընտրությունները, գրում է ABC News-ը:


«Ես երբեք չեմ հանդիպել և չեմ խոսել ռուս կամ այլ օտարերկրյա ներկայացուցիչների հետ նախընտրական արշավին կամ ընտրություններին որևիցե միջամտության մասին»,- հայտարարել է Սեշնսն ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության շրջանակում կայացած լսումների ժամանակ:


«Ենթադրությունները, թե ես մասնակցել եմ Ռուսաստանի կառավարության հետ որևէ պայմանավորվածության՝ ուղղված մեր երկրին վնաս հասցնելուն, որին ես ազնիվ ծառայել եմ 35 տարի շարունակ կամ մեր ժողովրդավարությանը վնասելուն, սարսափելի և գարշելի սուտ է»,- հավելել է ամերիկացի գլխավոր դատախազը:


Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, պնդել է, որ ՀԲԴ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին փակ լսումների ժամանակ հայտնել է սենատորներին Սեշնսի և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հնարավոր երրորդ հանդիպման մասին: