19-ամյա դատապարտյալին վիրահատել են և աղիներից հեռացրել 3 գդալի պոչ և 1 եղունգկտրիչ

11:59 • 14.06.17

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը, ով մի քանի օր առաջ գդալ էր կուլ տվել, երեկ վիրահատվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

««Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Արթուր Մելիքյանը վիրահատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա աղիներից դուրս է բերվել 4 օտար իր` 3 գդալի պոչ և մեկ եղունգի կտրիչ»,- ասաց Ղլեչյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ դատապարտյալը կրկին օտար իր էր կուլ տվել և գտնվում էր բժիշկների վերահոսկողության տակ: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Tert.am-ին հայտնել էին, որ անհրաժեշտության դեպքում նա կտեղափոխվի հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Արթուր Մելիքյանը 2014 թվականին դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ հափշտակություն կատարելու համար: