Իտալիայի ՆԳՆ-ն հրաժարվել է Հռոմում ներգաղթյալների ընդունման արգելք սահմանել

14:55 • 14.06.17

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը մերժել է Հռոմի քաղաքապետի՝ մայրաքաղաքում ներգաղթյալների ընդունման արգելք սահմանելու մասին դիմումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:


Երեքշաբթի Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին պահանջել է երկրի ՆԳՆ-ից դադարեցնել քաղաքում Իտալիա ժամանող ներգաղթյալների տեղակայումը: Facebook-ի իր էջում Ռաջին «անհնարին, անգամ՝ ռիսկային» է անվանել ներգաղթյալների ընդունման նոր կենտրոնների ստեղծման գաղափարը, քանի որ իտալական հասարակությունը «չի կարող թույլ տալ ստեղծել է՛լ ավելի շատ սոցիալական լարվածություն»:


Դրան ի պատասխան նախարարության ներկայացուցիչը հայտարարել է. «Շատ քաղաքներ բարդ իրավիճակում են, բայց մայրաքաղաքը նույնպես պետք է մասնակցի դրան: Ներգաղթյալների հոսքը չի դադարում, իսկ այս տարի մենք պետք է պատրաստ լինենք ևս 200 հազար ներգաղթյալի ընդունման»:


Նախարարությունում ընդգծել են, որ տեղյակ են առկա դժվարությունների մասին, սակայն ոչինչ չեն կարող անել, և ավելին, նշել են, որ Հռոմը և դրա վարչական միավորը պետք է ընդունեն լրացուցիչ՝ ևս մինչև երկու հազար ներգաղթյալ: