Օլիվեր Սթոունը Պուտինին համեմատել է Ռուզվելտի հետ

10:35 • 14.06.17

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանուր բան ունի ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ես ինչ-որ կապ եմ տեսնում Ռուզվելտի վարչակազմի հետ, որովհետև Ռուզվելտն առաջին ամերիկացի նախագահն էր, ով ուներ լիազորությունների չորս ժամկետ: Չորս: Եվ եթե պարոն Պուտինն առաջադրվի 2018 թվականին, դա կլինի չորրորդ ժամկետը, և դա կլինի բավական նշանակալի»,- ասել է Սթոունը գործակալությանը տված հարցազրույցում:


«Կարծում եմ, որ Ռուզվելտը նույնպիսի ազդեցություն ուներ երկրի վրա: Երբ նա իշխանության եկավ 1931 թվականին, եթե հիշում եք, Միացյալ Նահանգներում ճգնաժամ էր, որն ամբողջությամբ ոչնչացրել էր բանկերը, ֆինանսական համակարգը: Եվ նա հսկայական փոփոխություններ իրականացրեց, թույլ տվեց կառավարությանը խաղի մեջ մտնել տնտեսության ոլորտում այն ճանապարհով, որը նախկինում չէր օգտագործվել»,- հավելել է ռեժիսորը:


Նրա խոսքով՝ Պուտինը նույնպես փորձում է հավասարակշռել իրավիճակը կոմունիստական համակարգի անկումից հետո եկած «վայրի» կապիտալիզմից հետո: