Հռոմի քաղաքապետը խնդրել է Իտալիայի իշխանություններին այլևս ներգաղթյալներ չուղարկել քաղաք

10:54 • 14.06.17

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին խնդրել է Իտալիայի իշխանություններին այլևս քաղաք չուղարկել ներգաղթյալների, քանի որ դա կարող է հանգեցնել սոցիալական լարվածության աճի, այս մասին գրում է korrespondent.net-ը։

Ըստ քաղաքապետի՝ Հռոմում նոր ներգաղթյալների համար ճամբարներ կառուցելու միտքն անգամ անհնարին է և նույնիսկ ռիսկային։

2014 թվականից ծովային ճանապարհով Իտալիա է ժամանել մոտ 500 000 անօրինական ներգաղթյալ՝ գլխավորապես Հյուսիսային Աֆրիկայից, նրանցից շուրջ 200 000-ն ապաստան են գտել Իտալիայի տարբեր բնակավայրերում բացված հատուկ կենտրոններում։

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը խնդրել է տեղական ինքնակառավարման մարմիններին տարածք հատկացնել ևս 250 000 փախստականի համար։ Սպասվում է, որ այս տարի Իտալիա ժամանող ներգաղթյալների թիվը կավելանա նախորդ տարվա 180 000-ի համեմատ։

Իտալիան հաճախ ստիպված է լինում ընդունել բավականին մեծ քանակությամբ փախստականներ, քանի որ Հյուսիսային Եվրոպայի երկրները խստացրել են ներգաղթյալների ընդունման պայմանները, իսկ Եվրամիության շատ երկրներ հրաժարվում են ընդունել ծովային ճանապարհով Հունաստան և Իտալիա հասած շուրջ 160 000 փախստականի։ 

Ներկա փուլում ԵՄ-ն փորձում է ճնշում գործադրել և ստիպել Լեհաստանին, Չեխիային և Հունգարիային ընդունել որոշակի քանակությամբ ներգաղթյալների։